ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում ծրագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

յ
Աստանայում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը: 

Լիագումար նիստի ընթացքում խորհրդի անդամները հատուկ ուշադրություն կդարձնեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցության կատարելագործմանը: Նախատեսվում է նաև ԱՊՀ երկրներ մուտք-ելքի ուղիներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների և այլ արմատական տարրերի որոնման կազմակերպման գործում համագործակցության ակտիվացման միջոցառումներ մշակել: 

ԱՊՀ-ի անդամները կամփոփեն ընթացիկ տարում ահաբեկչությանը և ծայրահեղականության այլ դրսևորումներին հակազդելու խնդիրների ուսումնասիրության ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպության աշխատանքի արդյունքները և կորոշեն հաջորդ տարվա հետագա աշխատանքի ուղղությունները: 

Նիստի մասնակիցները կքննարկեն 2026-2028 թվականներին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի նախագիծը։ 

--00—ՍՊ