Եվս 600 էլեկտրոմոբիլով ավելացել է 2024 թվականին նախատեսված սակագնային քվոտան․ կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2024-10-10_15-59-42

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 1589-Ն որոշումը, որով ևս 600 տրասնպորտային միջոցով ավելացվել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան։

Որոշման համաձայն՝ 2024 թվականի համար 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված և արդեն իսկ սպառված 7400 հատի փոխարեն սահմանվել է 8000 հատ, ինչը հնարավորություն է տալիս ևս 600 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց ձևակերպել 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափով:

Կառավարության որոշումն արդեն իսկ պաշտոնապես հրապարակվել է և ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 11-ից, ուստի Կոմիտեն հայտնում է, որ վաղվանից սկսած ավելացված քվոտայի սահմաններում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները կարող են ձևակերպվել մաքսատուրքի արտոնությամբ:

‼️Կոմիտեն կրկին հիշեցնում է, որ օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռևս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում: 

Միաժամանակ, առաջնահերթությունը տրվելու է փաստացի ներմուծված ավտոմեքենաների գծով էլեկտրոնային եղանակով ներկայացված ապրանքային հայտարարագրերին, իսկ մաքսային մուտքի օրդերների դեպքում` հերթերի կառավարման համակարգով, ըստ հերթականության գրանցված անձանց:

--00—ՅՄ