Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

timthumb

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չեն արտացոլել աշխատակիցների աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի գումարները, և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Մեկ այլ դրվագով պարզվել է, որ ամուսինները տարբեր անհատ ձեռնարկատերերից կատարել են համակարգչային տեխնիկայի, շինարարական նյութերի և այլ տնտեսական ապրանքների գնումներ, որոնց մեծ մասը դպրոցը չի ստացել: Այս դրվագով ևս պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ ամուսինը` Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի հաշվապահը 2012 թվականից մինչ օրս եկամտային հարկի ամենամսյա հաշվետվություններում չի արտացոլել աշխատակիցներին վճարված աշխատավարձերի գումարները, ինչի հետևանքով չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել կամ որոշ դեպքերում վճարվել են մասնակի` աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի, սոցիալական վճարների և կուտակային կենսաթոշակային գումարները՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ