ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«ՇՈՒՇԻՆ ԵՒ ԼԱՉԻՆԸ ՄՆՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ
Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստներն արդեն նաեւ Ազգային Ժողովի ամբիոնից փորձում են պաշտպանել գերագույն գլխավոր ստախոսի այլանդակ ստերը, ասելով, թե վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի բացահայտված փաստաթղթերն իբր ցույց են տալիս, որ 1997 թվականի Փուլային կարգավորման համաձայն «հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Շուշիից ու Լաչինից»։
Սրանք այնքան անգրագետ են դիվանագիտության մեջ եւ այնքան անպարկեշտ` Նիկոլին իր կործանարար որոշումների պատասխանատվությունից մաքրելու անպատվաբեր գործում, որ որպես նման ակնհայտ ստի ապացուց բերում են 1997 թվականի Փուլային տարբերակին համաձայնություն հայտնելու Հեյդար Ալիեւի ձեւակերպումը, որը եւ տեղադրված է ամերիկյան զեկույցներում։
Սրանց մտքով անգամ չի անցնի (իսկ եթե անցնում է, նշանակում է, որ չարամտորեն են մոլորեցնում մեր հանրությանը), որ կարեւորը ոչ թե կարգավորման պլանի ձեւակերպումն է Ալիեւի կողմից, որով նա շարադրել է նաեւ ապագայի հետ կապված իր ցանկությունները, այլ Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված եւ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունն ստացած կարգավորման պլանի բուն տեքստը։
Իսկ 1997 թվականի Փուլային կարգավորման տեքստում զորքերի դուրսբերման մասին ասված է միայն հետեւյալը (կետ II..
1. «Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.
(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:
(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:
(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից:»
Ինչպես տեսնում ենք, հայկական զորքերը ոչ միայն մնում էին ամբողջ ԼՂԻՄ-ի տարածքում (ինչը ներառում է Շուշին), այլ նաեւ ամբողջ Լաչինի շրջանում։
2. Իսկ ինչ վերաբերվում էր չհամաձայնեցված հարցերին (Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Շահումյանի շրջան հայերի վերդադարձը, Շուշի եւ Լաչին՝ ադրբեջանցիների վերադարձը), դրանք հետաձգվում էին անորոշ ապագայով եւ պետք է լուծվեին Հաաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հետագա բանակցություններով մի վիճակում, երբ արդեն հաստատվել են ԵԱՀԿ բաժանարար բազմազգ ուժերը եւ դադարեցված է ռազմական հակամարտությունը։
Ահա ինչպես էր դա ձեւակերպված կարգավորման պլանում (կետ XI).
«Սույն համաձայնագրի երեք կողմերը, այսպիսով վերջ դնելով հակամարտության պատերազմական կողմին, համաձայն են Մինսկի խորհրդաժողովի համանախագահների օժանդակությամբ բարեխղճորեն շարունակել բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի կողմից համապատասխանաբար հրավիրված այլ կողմերի հետ հակամարտության մյուս բոլոր կողմերի անհետաձգելի ու համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով, այդ թվում` քաղաքական կողմը, ինչը ներառում է ԼՂ կարգավիճակի որոշումը և Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրների լուծումը. այսպիսի կարգավորումը բանակցությունների ճանապարհով իրականանալուց և վերոհիշյալ կողմերի ստորագրումից հետո ենթակա է ճանաչման միջազգային հանրության կողմից հնարավորինս արագ հրավիրվելիք Մինսկի խորհրդաժողովի ժամանակ»:
Ինչպես տեսնում ենք, կարգավորման պլանում Շուշիից եւ Լաչինից հայկական զորամիավորումների դուրսբերման եւ այդ շրջաններ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված Ադրբեջանի ցանկություններն անգամ ձեւակերված չեն, եւ այդ ամենի մասին խոսվում է ընդամենը, որպես «Շուշիի եւ Լաչինի հետ կապված խնդիրներ»։
Նիկոլի պրոպագանդիստները չգիտես ինչու լռում են, որ չլուծված հարցերի այդ ընդհանուր փաթեթի մեջ ընդգրկված էր նաեւ Շահումյանի շրջանի հարցը։ Իսկ դիվանագիտությունից մի քիչ հասկացողները կհասկանային նաեւ, որ այդ ձեւակերպման մեջ ոչ միայն կոդավորված էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, այլ նաեւ Շահումյանը Շուշիի եւ Լաչինի հետ փոխանակումը։
Սըախոսներից ներողություն չեմ ընկալում, որովհետեւ սուտ ասելը այսօր դարձել է նրանց համար միակ մասնագիտությունը»։
--00—ՅՄ