ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։
Զելենսկին, մատնանշելով Թուրքիայի և Ուկրաինայի միջև եղած ռազմարդյունաբերական համագործակցությունը, հայտնել է, որ հանդիպել է թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերության հետ։
«Մենք ունենք բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում են հեռահար անօդաչու թռչող սարքեր և կարծում եմ, որ մեր համագործակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի։ Բացի այդ Թուրքիան 2 կորվետ (հետախուզական, պահակային ռազմանավ) է կառուցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար։ Մեկի կառուցումն ավարտված է, մյուսինը կավարտվի 2026-ին։ Իհարկե, մենք ցանկանում ենք այդ ամենը նյութականացնել և պահել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Զելենսկու՝ պատերազմական իրավիճակից ելնելով, որոշ նախագծեր համեմատաբար ավելի դանդաղ են ընթանում։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ