ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Ձերդ գերազանցություննե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար:
Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը, խաղաղության աջակցությունը, հակամարտությունների կարգավորումը, տնտեսական ինտեգրումը եւ շատ այլ հրատապ խնդիրներ, որոնց այսօր բախվում է աշխարհը:
Հայաստանը խոր քաղաքակրթական առնչություններ ունի միջերկրածովյան ազգերի հետ, որոնք ձեւավորվել են դարերի պատմական կապերի հիման վրա: Հայկական սփյուռքն իր կենսունակ ներկայությամբ ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կամուրջ է ծառայել մշակութային փոխանակման եւ ամուր հարաբերությունների համար:
Մեր երկիրը Միջերկրածովյան միության անդամ չէ, սակայն կազմակերպության հետ համագործակցում է կայուն զարգացման եւ տարածաշրջանային կայունության հետ կապված նախաձեռնությունների շրջանակներում: Առաջնորդվելով տնտեսական, մշակութային եւ աշխարհաքաղաքական շահերով՝ մենք ակտիվորեն փոխգործակցում ենք տարածաշրջանի երկրների հետ:
Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է, որի գործունեությունը հաճախ խաչվում է Միջերկրածովյան միության գործունեության հետ: Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀ-ի եւ նրա գործընկերների միջեւ ընդհանուր նպատակներին հասնելու ավելի սերտ փոխգործակցության օգտին:
Օգտվելով այստեղ ներկա լինելու հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել մեր՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություն դառնալու ցանկությունը:
Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձեւաչափում: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի արեւելյան եւ արեւմտյան սահմաններն արգելափակված են ավելի քան երեք տասնամյակ, մեր երկիրը խիստ գիտակցում է բաց սահմանների եւ ամբողջությամբ գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւորությունը: Մարդկանց, բեռների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացումն անհրաժեշտ է գլոբալ շուկաներին ինտեգրվելու համար:
Անվտանգության ոլորտում աշխարհաքաղաքական ճգնաժամերը, մատակարարման շղթաների խափանումները, պարենի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, այս բոլոր գործոններն էապես մթագնում են մեր երկրների խմբում զարգացման հեռանկարները:
Գործընկերնե՛ր,
Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար եւ անվտանգային լուրջ խնդիրների առջեւ: Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը:
Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ առկա ենթակառուցվածքների բարելավմանը: Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար: Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները եւ երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության եւ հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:
Պարսից կամ Արաբական ծոցերից մինչեւ Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչեւ Սեւ ծով կձեւավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների եւ մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում եւ ապաշրջափակվում են:
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում եւ լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության:
Շնորհակալություն:
--00—ՍՊ