ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետևանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ․-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել և ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:
--00—ՅՄ