ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական Դիմադրության շարժման նրա զինակիցներին:
Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և այլն (ծրագիրը կցվում է):
Նշենք, որ բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հայերեն ենթագրերով։ Ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։ Միջոցառումների մուտքն ազատ է լինելու հանրության համար։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:
Նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, «Առլեամ և Առլեամ Աերո», «Քարֆուր» ընկերությունները։ Գործընկերներն են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։
--00--ԱՀ