Մենք Փաշինյանին ընտրություններով հեռացնելու ծրագիր չունենք, սխալներից հետևություններ պետք է անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Փաշինյա՛ն, հատիկ առ հատիկ վերադարձրու Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքի 200 քկմ-ն։ Ստին էլ չափ ու սահման կա, հեքիաթներդ պատմիր ՔՊ նիստերին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Փաշինյանի կողմից ներկայացվող «հատիկ առ հատիկ պետությունից գողացվածը հետ վերադարձնելու նախաձեռնությանը»։  

Խոսելով ընտրությունների մասին, Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն ընտրական գործընթացներով Փաշինյանի հեռացման տրամաբանություն չի կառուցում, սխալներից պետք է հետևություններ անել։
«Մամիկոն Ասլանյանը, Առուշ Առուշանյանը հաղթեցին որպես ընդդիմադիր ղեկավար, նրանց դատեցին, նույնը եղավ Գյումրիում ու Փարաքարում։ Եթե ընդդիմությանը հաջողվի էլ ընտրություններում լավ արդյունքի հասնել, Փաշինյանը հեշտ հեռացող չէ, փողոցային ճնշում է պետք, իրական գործիքը դա է, մենք փողոցային պայքարին ենք պատրաստվում»,- ընդգծեց նա։  

Խոսելով ընդդիմության ներսում առկա տարաձայնությունների մասին, Մամիջանյանը նշեց, որ որոշներն ուզում են դառնալ թիվ մեկ ընդդիմություն, իրենց օրակարգի կարևորագույն կետը Փաշինյանի օրոք ընդդիմություն աշխատելն է, հիմա ռեյտինգներին նայելու, իրար թիրախավորելու ժամանակը չէ: Ի՞նչ կարևոր է, թե ով կլինի ընդդիմություն, եթե Հայաստանն է կասկածի տակ դրվելու։ Որոշ գործիչներ մոռանում են իրենց անցյալը, ՀՀԿ-ի համբերությունը մեծ է, բայց անսպառ չէ, այսպես շարունակվի՝ կհիշեցնենք ով որտեղ էր 2018-ին»,- հավելեց խմբակցության ղեկավարը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ