Փրկարարները Գազայի հատվածում վերջին երկու օրերին փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 20 զոհված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

,

Փրկարարները Գազայի հատվածում վերջին երկու օրերին փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 20 զոհվածների մարմիններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: 

«Վերջին երկու օրերին Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 23 զոհվածների մարմիններ, որոնցից 21-ը դուրս է բերվել փլատակների տակից: Եվս երկու մարդ մահացել է, իսկ 48-ը վիրավորվել են»,- նշվում է հաղորդագրությունում: 

Այսպիսով, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 48 հազար 388-ի, վիրավորվել է 111 հազար 803 մարդ:

Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը գործում է հունվարի 19-ից: Այն հաստատվել է իսրայելցի պատանդներին պաղեստինցի կալանավորներով փոխանակելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումներն ազատ են արձակել ողջ մնացած 30 պատանդների և իսրայելական կողմին են փոխանցել 8 զոհվածների մարմինները։ Փոխարենը Իսրայելն ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների: Իսկ իսրայելական բանակը լքել է Գազայի հատվածի ներքին շրջանները: Ներկայումս ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ է մնում 59 պատանդ: Պաշտոնական տեղեկություններով՝ նրանց գրեթե կեսն արդեն մահացել է:

Կողմերի միջև համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները, որի արդյունքներով ենթադրվում է ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից և ազատել բոլոր պատանդներին, դեռևս պաշտոնապես չեն սկսվել: 

--00--ԱՀ