Արմավիրում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2025-03-02_19-14-51

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում բացահայտել են զարհուրելի դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդը իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։

Քրեական ոստիկանները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, հայտնաբերում են այդ տղամարդուն, ում  բերման են ենթարկում ոստիկանություն։

Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանում է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

--00—ՅՄ