ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության շուրջ Ադրբեջանից հնչող մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության իրականացրած գործունեության շուրջ Ադրբեջանում առկա մշտական դժգոհություններին և այդ համատեքստում Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
«Իմ կարծիքով Ադրբեջանի դժգոհությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ԵՄ դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։ Հայաստանի համար առաքելության աշխատանքը կարևոր է, քանի որ դրանով Երևանն աշխարհին ցույց է տալիս, թե ով է իրականում խախտում հրադադարը»,-ընդգծել է պատգամավորը։
Արին Կարապետն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկու տարուց ավելի գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշմանը, նշեց, որ Բրյուսելի կողմից ընդունած այդ որոշումը չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով դիտորդական առաքելության դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։
Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ