ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, Բաքուն մնաց անտեղյակ» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից մեր երկրի տարածքով Սիրիա առաքվելիք մարդասիրական օգնության ավտոշարասյան անցումն ու վերադարձն ապահովելու համար։ 1992 թվականին նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Ալիջան սահմանային անցակետը ստացել է միայն հումանիտար օգնության տեղափոխման համար Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ: Հայկական մարդասիրական օգնության շարասյունը՝ բաղկացած 4 բեռնատարից, երեկ մտել է Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետից՝ Հաթայ/Չիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սպասվում է, որ բեռնատարները Սիրիա կժամանեն վաղը կեսօրին։ Նշված բեռնատարները Հայաստան կվերադառնան նույն երթուղով։ 2023 թվականի փետրվարի 6-ին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները երկու անգամ, տարբեր ամսաթվերի, երկու առանձին շարասյուններով ներս են մտել/ելել նույն անցակետը Մյուս կողմից, Ալիջան սահմանային անցակետը օգտագործվել է փոխադարձ հետիոտնային անցումների համար՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ընդհանուր սահմանում կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից անցկացված բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակներում։ Բացի այդ, այս անցակետն օգտագործվում է նաև սահմանային հարցերով Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների հերթական հանդիպումների շրջանակներում։ 2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեր երկրի միջոցով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության մասին դեսպան Սերդար Քըլըչն ուղղակիորեն տեղեկացրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովին և Ադրբեջանի նախագահի արտաքին գործերի գծով տեղակալ Հիքմեթ Հաջիևին փետրվարի 25-ին մեր երկիր կատարած այցի ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ