Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, փրկել են հաշմանդամ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան բնակավարում տուն է այրվում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արարատի, Վեդու և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները Աբովյան փողոցի թիվ 67 տնից դուրս են բերել 2 հաշմանդամ  քաղաքացիների՝ հենց կրակների միջից: 

Գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պատուհանից մտնել ներս և անօգնական 2 քաղաքացուն դուրս բերել, ապա պայքարել են կրակի տարածման դեմ: 

Ժամանած հրշեջներն էլ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Դեպքի վայր են ժամանել Վեդիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել այդ 2 քաղաքացուն: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու Արարատի բաժնի պետ Գրիգոր Քոչարյանը: 
 
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է տանիքից մոտ 80 քմ հատված և դրսում եղած ամբողջ գույքը: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ 2 քաղաքացիներն էլ ունեն հաշմանդամության կարգ, մեկի 2 ոտքերը անդամահատված են, և ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը և Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին: 
 


--00--ԱՀ