ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ առաջարկելով հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների և քննարկել հունվարի 28-ին «ՎԵՏՕ» շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու թեման։
«Հունվարի 28-ին վարչապետին կից ոստիկանության կողմից իրականացված գործողություների հարցով հիմնավոր բացատրություններ ստանալու համար, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր կազմակերպել Ոստիկանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո, տեսնելով պատգամավորների բավարաված դեմքերն ու պարոն Արման Սարգսյանի ինքնավստահ բացատրությունները, ներեցեք, ապացուցվեց հանդիպման ձևական բնույթը։ Իսկ կարո՞ղ էին, արդյոք «Իմ քայլի» պատգամավորները հակադրվել «Սիրելի Առաջնորդին» կից ոստիկանության պետի պաշտոնակատարին։
2010, թե՞ 2011-12 թվականներին էր, երբ հերթական անգամ ոստիկանության անհամաչափ գործողությունները քննարկելու համար Երևանի ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քաղհասարակության և փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի հետ։ Հանդիպումն իսկապես արդյունավետ էր և դրանից հետո բավական ժամանակ ոստիկանության գործունեությունը զուսպ էր։ Հետո էլի «ամեն ինչ ընկավ իր տեղը»։
Դիմում եմ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին․
Հնարավոր չէ՞, արդյոք այս անգամ, ոչ թե որևէ միջազգային կազմակերպության, այլ Ձեր նախաձեռնությամբ հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչների, քննարկելու հունվարի 28-ի դեպքերը», - գրել է Իշխանյանը։