ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հիվանդության պատճառով աշակերտների՝ դպրոց հաճախելիությանը:
«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում՝ հատկապես դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո՛, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:
Երեկ նամակով դիմել եմ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:
Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ»,-գրել է ԿԳՄՍ նախարարը:
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հերքելով H1N1 վիրուսի տարածման մասին լուրը։ Ըստ նախարարի՝ երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։