ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90963, մահացել է 3120 մարդ, 48154-ը բուժվել է։ Կորոնավիրուսը, Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի 76 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։
Նշենք, որ Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել նաև Հայաստանում։ Ժամանման պահին 29-ամյա վարակակիրը ջերմություն կամ վարակին բնորոշ այլ ախտանշաններ նա չի ունեցել։ Կորոնավիրուսով վարակման փաստն ի հայտ է եկել օրեր անց, երբ բարձրացել է նրա ջերմությունը։ Այս պահին 29-ամյա երիտասարդը և նույն ինքնաթիռով նրա հետ Հայաստան տեղափոխված ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են մեկուսացված մնալ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ևս 8 թեստավորում է արվել, սակայն թեստավորվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, էեստերը բացասական են եղել։
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մեր հարևան Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նաև Թուրքիայում։ Վարակվածների ու մահերի ամենամեծ թիվը գրանցվել է Իրանում՝ 66 մահ։ Մահացածների թվում են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, վարակված է շարունակում մնալ առողջապահության փոխնախարարը։
ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․
1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,
2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,
3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,
4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։
Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։