ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է:
«Սիրելի՛ էջմիածնեցիներ, համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:
Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:
Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»,-ասել է Դիանա Գասպարյան:
Նշենք, որ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Էջմիածնում, հարսանիքի ընթացքում 3 անձի ինքնազգացողություն կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ:
«Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ»,-գրել էր նա: