COVID-19-ի շրջանում բիզնես խնդիրները պարզելու նպատակով գործարարի համար հարցաթերթ է մշակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

էկ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այդ մասին գրառում է արել Էկոնոմիկայի նախարարությունը:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը: Խնդրում ենք լինել առավելագույնս անկեղծ և տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որպեսզի կառավարությունը այդ տվյալների հիման վրա կարողանա մշակել արդյունավետ գործիքներ առաջացած խնդիրները լուծելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հայաստանում մարտի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: