Մեր հաշվարկով մինչև 400 հեկտար ենք կորցրել. իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Արցախի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որ 2016-ին զբաղեցնում էր ՊԲ հրամանատարի պաշտոնը, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ ներկայացրել է իրականությունը:

«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանը, որը հուզել է հանձնաժողովին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Ներկայացրել ենք այն իրականությունը, որը եղել է ապրիլյան գործողությունների ընթացքում», - ասել է Լևոն Մնացականյանը։

Հարցին՝ ի՞նչ բացթողումներ են եղել, կարո՞ղ էին դրանք ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա՝ 2016-ի ՊԲ հրամանատարը պատասխանել է՝ իհարկե, ո՛չ։

Հարցին՝ քանի՞ հետկար ենք կորցրել 2016-ի պատերազմի հետևանքով, Մնացականյանը պատասխանել է. «Մեր հաշվարկով՝ մինչև 400 հեկտար»։

Իսկ նախկին ՊԲ հրամանատարն ունեցե՞լ է բացթողում, հարցին Լևոն Մնացականյանը պատասխանել է. «Իմ մասով էլ կա բացթողում»։ Ճշտող հարցին՝ ինչ բացթողման մասին է խոսքը, Մնացականյանը չի մանրամասնել:

Ապրիլյան պատերազմը քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին կոչ է արել սպասել աշխատանքային խմբի եզրակացությանը, ապա հավելել, որ  հանձնաժողովը ստացել է անկեղծ պատասխաններ ու բարձր է գնահատում այսօրվա հանդիպումը։

«Մենք այսօր աշխատանքի վերջնական փուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում», - ասել է Քոչարյանը։