ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանը մայիսի 4-ին այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: Այս մասին տեղեկատվությունը Արտաշատի բժշկական կենտրոնը ներկայացրել է Ֆեյբուքիր էջում:
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:
Նախարար Թորոսյանն իր գոհունակությունն է հայտնել ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:
«Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հաղթահարման հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է»,- նշել է Արսեն Թորոսյանը:
Մարզպետ Գարիկ Սարգսյանն ուրախալի է համարել, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները: