ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Իսպանիայում համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ, մեկ օրում չի գրանցվել կորոնավիրուսից մահացության դեպք: Այս մասին հայտնում է «El Mundo»-ն ։
Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 35 մարդ։ Ընդ որում, օրական մահացության զգալի նվազում է սկսել մայիսի երկրորդ կեսից:
Անցած օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 638-ի:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր գրանցվել է մահացության ընդհանուր 27,127 դեպք: Իսպանիայում ավելի քան 196 հազար մարդ վերականգնվել է կորոնավիրուսից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Իսպանիայի կառավարությունը ցանկանում է արտակարգ դրությունը վերջին անգամ երկարաձգել մինչև հունիսի 21-ը: