ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Բրիտանական HSBC բանկն իր հետազոտությունում նշել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ասիայի երկրների առավելությունները Եվրոպայի նկատմամբ: Գլոբալ ներդրողների համար ավելի գրավիչ լինելով՝ նրանք կարող են իրենց կարիքները և հետագա զարգացումն ավելի հեշտ ֆինանսավորել։ Այս մասին գրում է Lenta-ն:
Հեղինակների կարծիքով՝ ավելի լավ վիճակում կհայտնվեն ասիական երկրները, որտեղ արդյունաբերությունը զարգացած է, ինչպես նաև Սինգապուրը: Նրանց տնտեսություններում արդեն աճ է գրանցվում, իսկ ձեռնարկությունների մեծ մասը վերադարձել է աշխատանքի մինչճգնաժամային մակարդակին: Հիմնական ռիսկերը կապված են կորոնավիրուսի երկրորդ ալիքի, ինչպես նաև հակաճգնաժամային քաղաքականությունը մշակելիս իշխանությունների անբավարար ճկունության հետ:
Ի հակակշիռ հաջողակ երկրների՝ հեղինակները բերում են զարգացող շուկաները, նավթի մանր արտահանողներին և եվրագոտու երկրներին: Այստեղ վերականգնումը դանդաղ է ընթանում, իսկ ներքին պահանջարկը տուժում է բնակչության կտրուկ նվազած վճարունակության պատճառով: «Լիկվիդայնության տրամադրման ուժեղացված միջոցառումները վկայում են այն մասին, որ այդ խնդիրները պահպանվում են մինչև հիմա»,- ասված է հետազոտությունում։
Նշվում է նաև, որ ամբողջ աշխարհում ներդրողները բախվել են անսպասելիությունների և հիմա ստիպված են ոչ ստանդարտ որոշումներ կայացնել: Այսպես՝ դրամավարկային քաղաքականության գլոբալ մեղմացման պատճառով շատ երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, և գնորդները հիմա ստիպված են ընտրել ներդրումների այլընտրանքային ուղիներ: Ընդ որում՝ նույնիսկ ռիսկային ակտիվները, որոնք սովորաբար մեծ եկամուտ են բերում, հիմա նվազած դրույքներ ունեն:
Պայմանավորված սրանով՝ HSBC-ն ներդրողների հետաքրքրության աճ է կանխատեսում տարբեր երկրներում տարբեր ընկերությունների բաժնետոմսերի հանդեպ: Այն կամրապնդվի իշխանությունների քաղաքականությամբ, որոնք նվազեցնում են շուկաների փլուզման ռիսկերը: Հեղինակներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել ասիական պարտատոմսերին՝ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ: Դրանց էմիտենտները նախկինի պես ավելի բարձր եկամուտ են առաջարկում՝ զարգացող շուկաների համեմատությամբ և միաժամանակ ճգնաժամի հետևանքներից բավականաչափ վերականգնվել են:
--0—ՄՀ