ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News
«Մենք գնում ենք Մադրիդ չորս բանակային շարասյունով, հինգերորդը կխփի ներսից»։
Գեներալ Էմիլիո Մոլա, 1936 թ.
Հանրապետության առաջին նախագահը մշտապես աչքի է ընկնում իր բացառիկ վերաբերմունքով խոսքի ուժի և ազդեցության նկատմամբ: Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս մշակված բանավոր և գրավոր խոսքով ու իր մտքի արտադրությունը հանրայնացնում է՝ ժամանակը ընտրելով: Լավ իմաստով նա ժլատ է խոսքի ու վերաբերմունքի դրսևորման հարցերում, ինչը հատուկ է իրենց արժեքն իմացող մեծերին:
Նախագահի մյուս գլխավոր հատկություններից է պետության շահի՝ որպես բացարձակ արժեք ու գլխադասային գործոն, գիտակցումը և քարոզումը:
Արձանագրելով վերոգրյալը՝ փաստենք, որ դեռևս շատ կարճ ժամանակ է անցել, երբ Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը հանրությանը ներկայացվեց: Եվ արդեն իսկ օրերս նրա կողմից հրապարակվում է կարճ մի հոդված, որի բովանդակության իմաստը պատերազմող պետության իշխանությանն ընդդեմ գնալու ու դրա հետևանքի մասին է. «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա, դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։
Ինքնին այս մոտեցումը վկայում է պետականության բարձր մշակույթ ունենալու և լայնախոհության մասին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլը, երբեմն-երբեմն իր մանր-մունր բացասական դրսևորումներն է ցուցադրում առաջին պրեզիդենտի ուղղությամբ, ինչը անհետևանք չի մնալու:
Ո՞րն է Տեր-Պետրոսյանի մոտիվացիան պետական մտածելակերպին զուգահեռ: Հասկանալու համար անհրաժեշտություն ունենք հետ գնալու դեպի մոտակա պատմության դեպքերը:
1998 թվականի հրաժարականից հետո նախագահը առաջին նման քայլի գնաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով երկրում ծայր առած ծայրահեղ լարված իրավիճակի մթնոլորտում: Նա կոչով հանդես եկավ՝ ուղղորդելով բոլոր ուժերին՝ կանգնելու Ռոբերտ Քոչարյանի թիկունքին՝ նետված մարտահրերներին արժանապատվորեն դիմագրավելու և պետության մեջ վերահսկողությունը հաստատուն պահելու համար: Իհարկե, առաջին հայացքից սա տարօրինակ մոտեցում էր՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ու նրանց թիմերի միջև եղած շիկացած լարվածությունը, բայց, խորության մեջ քննելով, այն բացվում է ըստ իր էության: Ի դեմս հոկտեմբերի 27-ի՝ Հայաստանին հասցված սպանիչ հարվածը խնդիր ուներ ոչ միայն լիկվիդացնելու պետության ընտրանուն, գլխատելու երկիրը, այլև առաջացնելու ներքին թշնամություն, պառակտում, տանելու արյունաքամության: Եվ հարվածի արմատային սկիզբը, ելքային ուղղությունը պարզ չէր կամ ոչ բոլորի համար էր հստակ: Ու մինչ օրս այն շարունակում է մշուշի մեջ մնալ:
Այդպիսով, Լևոնը ոչ թե Ռոբերտի իշխանությունն էր ամրապնդում, այլ պետությունն էր ուժեղացնում, որի գլուխը մնացել էր Քոչարյանը՝ ընդդեմ արտաքին ու ներքին հուժկու և անակնկալ սպառնալիքների: Եթե ավելի կարճ, ապա ինքնիշխան պետության վտանգների չեզոքացմանն էր ուղղված առաջին պրեզիդենտի կոչը:
Նույնը եղավ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի և «Սասնա Ծռեր»-ի ահաբեկչության ժամանակ: Առաջինի ժամանակ նույնիսկ հանդիպում տեղի ունեցավ, որը նախաձեռնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և իր համաձայնությունը տվեց Սերժ Սարգսյանը՝ գալով Տեր-Պետրոսյանի առանձնատուն: Սա Երրորդ Հանրապետության գեղեցիկ էպիզոդներից մեկն է և պետական մտածելակերպի արգասիքներից է:
Հետաքրքիր է, որ պրեզիդենտ Տեր-Պետրոսյանի սաստող հոդվածից ժամեր անց կառավարության կազմի փոփոխության պահանջով հանդես եկավ Ծառուկյան Գագիկը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներիների գլխավոր պրոդուկտներից է իր կուսակցությամբ հանդերձ, որն անցավ Սերժ Սարգսյանին, և երբ փորձեց հակադրվել իշխանությանը, Սերժ Սարգսյանի կոշտ մի արտահայտությունից հետո հապշտապ հեռացավ, թե՛ հրապարակից թե՛ քաղաքականությունից: Ծառուկյանը երբեք չի կարող պոլիտիկայում ինքնուրույն գործոն լինել: Դա իր դաշտը չէ: Նրան ինչպես ժամանակին բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ հովանավորներ են պետք: Բայց հարցի թնջուկը հետևյալն է: Նիկոլ Փաշինյանը, որն իր լրագրողական կյանքում իրավացիորեն պայքարել է Ծառուկյանի և հանրային այդ տեսակի դեմ, 2007 թվականին հանդես էր գալիս «Ոչ ռոբոտացմանը, սերժանտացմանը, դոդացմանը» կարգախոսով, իր լիարժեք ազդեցության և ապա իշխանության ժամանակ սլաքը ոչ միայն չուղղեց դեպի ԲՀԿ ղեկավարը, այլ հակառակը՝ հետը հուշագիր ստորագրեց և դեռ մի հատ էլ Գագիկին օլիգարխի ստատուսից տեղափոխեց օրինավոր սեփականատերի պատվարժան կարգավիճակին: Մի շռայլություն, որ Ծառունյանի նկատմամբ թույլ չէին տվել նույնիսկ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը:
Կենտրոնաձիգ իշխանավարում ունեցող պետության մեջ բացառվում է փողի մեշոկով կուսակցությունների ստեղծումը և իշխանության խրախուսմամբ նրանց արագ հաջողության հասնելը: Սա հակապետական ու խիստ վնասակար երևույթ է, բայցև՝ ուրիշ խոսակցության նյութ:
Հնարավոր է, որ Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում, որը բացառված չէ, որ սնվում է դրսից: «Հեղափոխություն» կոչված իշխանափոխությունից հետո պետության լծակներն ստանձնած թիմը պետք է վերածնունդ ապահովելու հետ մեկտեղ իրականացներ նախկիններին՝ իր կողմից հայտարարած պատերազմի տոտալ հաղթանակը: Բայց փաշինյանական վարչակազմը վերոնշյալներից առաջինի դեպքում սկզբում մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ (երևակայության, անկարողականության ու խորության բացակայությունների պատճառով), իսկ երկրոդում` որևէ ֆունդամենտալ հաջողություն չհասավ: Սրանք հիմք դարձան այլ ու հակադիր ուժերի ակտիվացման համար: Եվ ջրի (կամ ճահճի) տակ սկսվեց զորահավաքի գործընթացը:
Փաշինյանը շանս ունի առաջին լուրջ ալիքին դիմագրավելու: Դրա համար նրան համբերություն է պետք բոլոր խաղացողների բացահայտման շրջանակը տեսնելու ու փակելու համար և ժողովրդին կազմակերպելու ու նախկին վերնախավերի միաձուլված միավորմանը պարտության մատնելու: Նրան այսօր բացահայտ հակադրվող միավորները նույնպես կարիք ունեն համբերության և կարող են դա անել՝ հաշվի առնելով նրանց հսկայական նյութական պաշարները, մեդիառեսուրսները (որոնք Նիկոլը չի կարողանում փոշիացնել) և մեկ նպատակի (Փաշինյանին, ոչ թե «Իմ Քայլ»-ին գետնելը) շուրջ հավաքվելը: Համբերությունն անհրաժեշտ է, որպեսզի այսօրվա կառավարությունը հայտնվի լիակատար կառավարման ճգնաժամի մեջ և հասնի կրիտիկական հատակի, որի դեպքում նրա հեռանալը բոլորի համար անհրաժեշտ լինի: Համենայնդեպս, այսօր կամ շատ մոտ ապագայում նախկինների վարչապետին գցելու քայլերը կարող են ֆալստարտ դուրս գալ և, նրա դիրքերը լավ թուլացնելով հանդերձ, չծառայեն գլխավոր նպատակին: Սա, իհարկե, այն դեպքում, եթե թավշյա իշխանափոխականներին հակադրվողների գործողությունների ժամացույցը Հայաստանից դուրս չի գտնվում ու արդեն իսկ միացված չէ:
Այն, որ այսօրվա կառավարող թիմը տապալվել է պետականաշինության գործում ու մեծ մինուսներ է գրանցում երկրի ընթացքի մեջ, դա փաստ է: Այն, որ չի կարողանում համաճարակի դեմ օպտիմալ պայքարել դա նույնպես ակնհայտ է: Եվ որ սրա ֆոնին կա հստակ ընդիմացողների աշխուժացում. դա էլ է ակնհայտ ու բնական և մտահոգիչ:
Այս ամենի համագումարում Տեր-Պետրոսյանը ճիշտ է: Վազգեն Սարգսյանի բնորոշած՝ «Սա Ամենայն Հայոց Պատերազմ է։ Անկասկած, վերջինը: Անկասկած, ամենահաջողը մեր պատմության մեջ»... Այս պատերազմում հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատարը ամբողջովին պատկերացնում է նման ճգնաժամի դեպքում թիկունքային հարվածների նպատակն ու ազդեցությունը: Եվ այս պարագայում պետք է պայքարը ամրապնդվի ինքիշխանության գաղափարի շուրջ: Լինի ռեզերվային տարբերակ, որ եթե գործող կառավարիչները վերջնականորեն տապալվեն ու հոսեն ներքև (ինչը շատ հավանական է) գաղափարական, համակարգային ընդդիմության բացակայության դեպքում կազմակերպվի համազգային միավորում` հանուն անկախ պետության ինքնիշխանության պահպանման:
Այս դրոշը բարձրացնողը ի հայտ կգա:
Սա այն խոսակցությունն է, որ մենք սկսել ենք դեռևս երկու տարի առաջ՝ երրորդ ուժի մասին, որի անհրաժեշտությունը կա ու, անկախ իրավիճակից և ժամանակից, նա ստեղծվելու է: Այս համատեքստում՝ մի հիշեցում. 1998 թվականին «Մարդու ժամանակը» հաղորդաշարի շրջանակում տված իր հայտնի հարցազրույցում Վանո Սիրադեղյանը ասել է. «Ես համարում եմ, որ երկրի անվտանգության համար պարտադիր է լուրջ օպոզիցիա ունենալը: Համենայնդեպս, այն դեպքերի համար, երբ որ հիմա, փաստորեն, զինադադար է, բայց պատերազմը չի ավարտված: Էն դեպքերի համար, երբ որ երկրում կրիզիս կսկսվի. արտաքին, զուտ Ղարաբաղի հետ կապված: Ներսում չեմ կարծում, որ շատ բարդանա իրավիճակը: Բայց դրսի բարդությունը կանցնի ներսին: Եվ հնարավոր է՝ գա մի ժամանակ, որ իշխանությունը չկարողանա կառավարել երկիրը: Էդ դեպքի համար պատրաստի ինչ-որ քաղաքական կառույց է պետք կամ քաղաքական կոալիցիա կամ քաղաքական պատրաստի մի մարմին, որը կարող է իր վրա վերցնել երկրի կառավարումը»:
Վանոյի՝ քաղաքագիտական ճշգրտություն պարունակող այս խոսքերը, կարելի է ասել, ինչ-որ առումով, իրականացան 2018 թվականին, և կարող է՝ կարիք լինի, որ շուտով նորից կյանքի կոչվեն:
P. S. Առայժմ հաշվեկշռի մեջ պահենք Սերժ Սարգսյանին: Նա ունի կազմակերպված ռեսուրս (անկախ վարկանիշից), ֆինանսական մեծ ներուժ և Ղարաբաղի հարցի հետ կապված հետաքրքրություն: Չբացառենք, որ մոտ ժամանակներս էքս նախագահը չերևացող տեղից իր խաղը զարգացնի ու հստակ դերակատարություն ունենա, ինչպես 2018 թվականին` այս անգամ այլ ռակուրսով:
Ռուբեն Վարդանյան
պատմաբան, հրապարակախոս