ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ինչու՞ չեք հրապարակում Արցախյան հիմնախնդրին վերաբերող բոլոր ժամանակների բանակցային փաստաթղթերը։ Նման հարցադրում արվեց 24News լրատվական ծառայության լրագրող Մերի Մանուկյանի կողմից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։
«Անվիճարկելի փաստ է, բոլոր քննարկված տարբերակները ենթադրել են այս կամ այն կերպ ԼՂ-ի ընդգրկում Ադրբեջանի կազմ։ Մեկ կամ տասը անգամ կմտածենք, թե այդ փաստաթղթերը հրապարակելը որքանով է ռիսկային, կվարվենք այդպես, կամ կասենք՝ այո՛, կամ, կասենք՝ հրապարակման ենթակա չեն։ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք գրասենյակներն ունեն, այդ փաստաթղթերը թող հրապարակեն, տեսնենք», - նման կերպ արձագանքեց Արարատ Միրզոյանը։
Արցախյան հիմնահարցի կարգավորման փաստաթղթերի և բովանդակության վերաբերյալ, հիշեցնենք, Փաշինյանը 2021 թվականի մայիսի 3-ին ԱԺ-ում ելույթ ունենալիս նշել է․ «Կանցնեն տարիներ և կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015 թ. աշնանը, 2016 թ. ձմռանը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ ինքը պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունները», - նշել է Փաշինյանը՝ փաստորեն հրաժարվելով հրապարակել փաստաթղթային տրցակը։
Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային փաթեթը հրապարակելու խնդրով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թվականի հունվարի 31-ին տված հարցազրույցում ընդգծում է՝ «Այո՛, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր», - նշել է Սերժ Սարգսյանը՝ ի նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։
Փաստաթղթերի հրապարակման մասին հիշարժան դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին․ «Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։
--00—ԱՊ