ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ Բարձր դատարանը լիովին համապատասխանեցված չէ 2015թ․-ի Սահմանադրության մեջ նախատեսված ՍԴ-ի մոդելին, կոնցեպտին ու կառուցվածքին։
«Այն, ինչ կատարվել է, մասնակի փոփոխություն է։ Ես դա համարում եմ խնդրի փուլային լուծում։ Ինչ-ինչ հանգամանքերից ելնելով՝ իշխանությունը չգնաց խնդրի ամբողջական կարգավորմանը, այլ ընտրեց անդամներից 7-ից 3-ի խնդրի լուծումը՝ դատավոր հռչակելով մնացածին։
Հիմք ընդունելով միայն 12 տարվա պաշտոնավարման հանգամանքը՝ իշխանությունը մի պահ մոռացավ կամ մի կողմ դրեց այդ անդամների ոչ լեգիտիմությունը, որովհետև նոր ՍԴ-ում դատարանի անդամներ գոյություն չունեն։ Կարծում եմ՝ խնդրի ընդամենը փուլային լուծում էր, իսկ ամբողջական լուծումը զգալի տարիներով հետաձգվել է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ջհանգիրյանը։
Պարզաբանելով Բարձր դատարանի կողմից սահմանադրական փոփոխություններին հավանություն տալու վերաբերյալ քննարկումները և եզրակացություն տալու վերաբերյալ տարակարծությունները՝ իրավագետը վստահեցրել է, որ ցանկացած փոփոխության պարագայում այդ Սահմանադրական դատարանը պետք է եզրակացություն տար, որ այդ փոփոխությունը հակասում է սահմանադրությանը։
«Օրինակ՝ հիմա խորհրդարանական կառավարման համակարգ է։ Ենթադրենք՝ իշխանությունը որոշում է անցնել նախագահական կառավարման կամ հետ գնալ կիսանախագահական մոդելի։ ՍԴ-ն պետք է եզրակացություն տա, որ այդ փոփոխությունը հակասում է 2015թ․-ի Սահմանադրությանը, հետևաբար եզրակացությունը բացասական է լինելու, և այդ հարցը քննարկումից դուրս է գալու։ Ի՞նչ է ստացվում․ ՍԴ-ն այս Սահմանադրությամբ յուրացրել է սահմանադիր՝ ժողովրդի, սահմանադրություն ընդունելու, փոփոխելու, լրացնելու իրավունքը, քանի որ ինքը կես ճանապարհից այդ խնդիրը հանում է»,- պարզաբանել է Գագիկ Ջհանգիրյանը։
Մյուս կողմից էլ Ջհանգիրյանը մեկնաբանել է, որ 213-րդ հոդվածի փոփոխությունը վերաբերում էր հենց ՍԴ-ին, հետևաբար այս դատարանն այս վեճում շահագրգիռ կողմ է, որովհետև իր լիրազորություններին, իր անդամներից 7-ին էր վերաբերում և ինքը չէր կարող լինել արբիտր։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ