ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնակցությամբ Արցախում արդեն տևական ժամանակ իրականացվող տարբեր բարեգործական և կրթական նախագծերը՝ այդ համատեքստում առանձնացնելով Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման ծրագիրը:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակելու և զարգացնելու տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իրենք ևս շահագրգռված են այդ հարաբերությունների զարգացմամբ, իսկ ինքն Արցախում է նոր ծրագրերի քննարկման նպատակով:
--0--ԱՀ