ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համակարծիք չէ իշխանության իր գործընկերների այն տեսակետի հետ, թե Սահմանադրական դատարանի թնջուկը մոտ է հանգուցալուծմանը: Հակառակը, ըստ նրա, ՍԴ-ի թնջուկը չի հանգուցալուծվել ու դժվար էլ հանգուցալուծվի: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ԼՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց իշխանության ներկայացուցիչների այն պնդման հետ, թե ՍԴ-ում հետայսու միայն անաչառ դատավորներ են լինելու:
«ՍԴ-ում չի լինելու անաչառ դատավոր, իշխանությունը ՍԴ-ում իր մարդկանց է ուզում ունենալ, իսկ դրա ապացույցն այն է, որ Վահե Գրիգորյանը չի թաքցնում՝ ՍԴ-ն իր համար քաղաքական հարթակ է: Երբ Վահե Գրիգորյանին «Իմ քայլը» մոլեռանդորեն ՍԴ անդամ էր ընտրում, այն ժամանակ արդեն պարզից էլ պարզ էր՝ Գրիգորյանը սպասարկելու է իշխանության շահերն ու օրակարգը»,- հավելում է Սամսոնյանը:
Խոսելով Մաշտոցի պուրակում տեղի ունեցող շինարարությունից՝ մեր զրուցակիցն արձանագրում է. «Փաստորեն 2012-ին ոչ թե Մաշտոցի պուրակի, այլ Տարոն Մարգարյանի դեմ էին պայքարում բոլոր նրանք, ովքեր այժմ պաշտոն են զբաղեցնում: Մաշտոցի պուրակն իշխանության գաղափարական երեսպաշտության դրսևորման պարզ օրինակ է: Իշխանության գործելաոճում արժեհամակարգի փոփոխություն տեղի չի ունեցել: Եթե իշխանություն ես, ունես լծակներ, ապա կարող ես դադարեցնել Մաշտոցի պուրակի շինարարությունը, մնացածը հեքիաթներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ