ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
Մինսկում տեղի ունեցած իրավիճակի և անցկացված ընտրությունների վերաբերյալ խոսելիս պատգամավորը հայտնել է, որ լարվածությունը նկատվել է ընտրության ժամերից հետո միայն։
«Ոստիկանական ուժերի կուտակումներ կային մեր հյուրանոցի պատուհանների տակ։ Բուն գործողությունները տեղի էին ունենում մեզնից 2-3 փողոց այն կողմ։ Մեզ լսելի էին հատուկ միջոցների կիրառման ձայները՝ լուսաձայնային նռնակների, ամբոխի աղմուկը, ոստիկանական գործողությունների ձայները»,- պատմել է նա։
Պատգամավորն անտեղի է համարում Մինսկում կատարվող դեպքերի և 2018թ․-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջև համեմատականները՝ ընդգծելով, որ դա ավելի շատ համեմատության եզրեր կունենա Մայդանի հետ։
Սանդիկովի կարծիքով՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռացնելու հարցն այսօր չպետք է դրվի, բայց միևնույն ժամանակ կարևորում է, որ քաղաքացիների բողոքի ձայնին պետք է ըմբռնումով և բավականաչափ խոհեմությամբ մոտենալ, և քննարկելի դարձնել դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ