ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Իրաքի կողմից հանձնված բողոքի նոտային։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նշենք, որ թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակում էր իրականացրել Էրբիլի նահանգում, ինչի հետևանքով զոհվել էին երկու սպա և իրաքյան զինված ուժերի զինծառայողներ: Այդ կապակցությամբ Բաղդադը հրաժարվել է ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախօրեին Իրաքը Թուրքայի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա էր հանձնել։
ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազամաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը նախ և առաջ Իրաքի «պարտականությունն է» և հավելել, որ այդ գործում Թուրքիան պատրաստ է համագործակցել Իրաքի հետ։
Ըստ հայտարարության՝ քանի դեռ Իրաքում շարունակում են անտեսել PKK-ի «գոյությունը», Թուրքիան «իր սահմանների անվտանգության համար որտեղ էլ որ լինի վճռական է տրամադրված միջոցներ ձեռնարկելու հարցում»։
Թուրքիան որոշ երկրներին ու տարածաշրջանային կազմակերպություններին կոչ է արել «վերջ տալ ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի ստանդարտ պարունակող և ահաբեկիչներին խրախուսող մոտեցումներին», իսկ Իրաքից պահանջել է, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկի և «սկզբունքային դիրքորոշում» ընդունի։
--00--ԱԹ