ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների օգոստոսի 13-ին իրականացրած լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են մինչ այդ չգրանցված դրական իրավիճակ. մարզերում դիտարկված ընկերություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Սննդի ոլորտի բիզնես ներկայացուցիչները նաև Երևանում են դրսևորել պատասխանատվություն և զգոնություն ՀՀ պարետի՝ կորոնովիրուսի կանխարգելմանն ուղղված որշումների պահանջների պահպանման հարցում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ արձանագրել են միայն Վահագնի թաղամասում գործող հանրային սննդի կետում, որտեղ որոշ սեղանների վրա չեն եղել ախտահանիչ միջոցներ, սանհանգույցում բացակայել է փակ աղբամանը օգտագործված դիմակների համար, չի վարվել ախտահանման գրանցամատյան. պարետատուն կներկայացվի կասեցման միջնորդություն:
«Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արդեն կայուն արձանագրվող դրական արդյունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--0--ԱՀ