ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար:
Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:
Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել:
Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:
Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»:
-- 00—ՄՀ