ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ:
Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին.
· երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը
· ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակների ժամանակ
· կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ
COVID-19-ից քաղած դասերը
Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսեց COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին.
· Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ:
· Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին:
· Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը:
· Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին:
Ըստ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարի Հանս Կլուգեի զեկույցի՝ մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ: Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է, և արձագանքից դեպի վերականգնում անցումը հնարավորություն է ընձեռում մարդկանց և նրանց առողջությունը դնել հայեցակարգի առանցքում՝ գիտակցելով, որ հանրային առողջությունը տնտեսական զարգացման, անվտանգության և խաղաղության խթան է»:
--00--ԱԹ