ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվի պլանային պատվաստումը, մարդկությունը կկանգնի այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջ: Այս մասին հայտնել է ԱՀԿ-ն, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Կորոնավիրուսի համաճարակի և դրա հետ կապված սահմանափակումների ֆոնին մարդկությունը կարող է բախվել կարմրուկի, պոլիոմիելիտի և այլ վտանգավոր վարակիչ հիվանդությունների նոր բռնկումներին»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ապրիլի 23-ին կազմակերպությունը նշել է, որ անգամ կարճ ժամանակով պատվաստումների դադարեցումը վտանագավոր է:
«Անհրաժեշտ է, որպեսզի առողջապահության ոլորտում կարևոր ծառայությունների մատուցումը, ինչպիսին է իմունիզացիան (պատվաստումների միջոցով հիվանդության նկատմամբ վարակամերժ դարձնելը), չդադարեցվի նույնիսկ արտակարգ իրավիճակների պայմաններում», - հայտարարել է ԱՀԿ-ն:
Դրա հետ մեկտեղ փորձագետները հիշատակում են նաև Կոնգոյի օրինակը, որն անցյալ տարի տուժել է կարմրուկի լուրջ բռնկումից, որը տեղի էր ունեցել Էբոլայի համաճարակի նոր ալիքի ֆոնին: Այն խլել էր ավելի քան 6 հազար մարդու կյանք: