ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցի «Երևանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` հայտնելով մանրամասներ:
«Այն նպաստելու է երկու ժողովուրդների պատմական ժառանգության ու մշակութային արժեքների պահպանությանը, երկու երկրների տոներին և հիշարժան տարեթվերին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը:
Համատեղ իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը որոշվում է կողմերի համաձայնությամբ։
Հուշագրի ստորագրումից հետո հույս հայտնեցի, որ «Երևանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի համագործակցությունը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզում ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև հայ գրականության ու մշակույթի հանրահռչակմանը Ռուսաստանի տարածքում, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության։
Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու արվեստի դպրոցները,
մշակութային հաստատությունները։
Մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպվելու են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ուսուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա իրենց կազմակերպությունը:
Ծրագրել են նաև ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:
Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ կհարստացնեն մարզի դպրոցների գրադարանները:
Հուշագրի ստորագրումից հետո ծաղիկներ խոնարհեցինք Սամվել Քոչարյանի հուշարձանին,այնուհետև «Երևանում Մոսկվայի տուն» կենտրոնի և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին են հանձնել ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր»,- գրել է Սանոսյանը:
--00—ՄՀ