ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Կրեմլի հայտնի քննադատներից Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից, որտեղ նա բուժումներ էր ստանում Սիբիրում անցյալ ամիս սուր թունավորումից հետո: Ինչպես «Շարիտե» հիվանդանոցի կողմից հրապարակված հայտարարության մեջ է ասված, «Նավալնիի առողջական վիճակը էականորեն բարելավվել է, ինչը թույլ է տալիս նրան դուրս գրել հիվանդանոցից»: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։
Հենվելով հիվանդի առողջացման ընթացքի եւ ներկա առողջական վիճակի վրա` բուժող բժիշկները հավատացած են, որ լիակատար բուժումը հնարավոր է»:
«Սակայն սուր թունավորման երկարաժամկետ ազդեցության հետեւանքների մասին խոսելը դեռեւս վաղ է», ասված է նույն հայտարարության մեջ:
Բեռլինը հիշեցնում է, որ Գերմանիայում, Ֆրանսիայում ու Շվեդիայում անցկացված բժշկական թեստերը ցույց են տվել, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» անվանումը կրող թույնով, ինչի համար Արեւմուտքը բացատրություններ է պահանջում Ռուսաստանից:
Մոսկվան հայտարարում է, թե դեռեւս հարկավոր են հանցագործությունն ապացուցող փաստեր, եւ հրաժարվում է սկսել հետաքննություն այս հարցով: Իրականացվում է միայն նախաքննություն:
Կրեմը բացառում է իր կողմից որեւէ մասնակցություն:
Նավալնին ավելի վաղ ասել էր, որ ինքը Ռուսաստան կվերադառնա բավականաչափ ապաքինվելուց հետո:
--00—ՄՀ