ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի ոչ ճիշտ մեկնաբանության մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանի լրատվական ծառայությունը փոփոխություններ է կատարել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ նախապես հրապարակված հաղորդագրության տեքստում:
Խմբագրված տարբերակում նշված է.
«Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության առնչությամբ ասել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և այդ ոլորտում ջանք չի խնայում»:
Բացի այդ, հայտնվել են նախադասություններ, որ վերագրվում են Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին:
Հիշեցնենք, ադրբեջանական ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, և որ ՌԴ-ն կողմ է «օկուպացված 5 շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածքում և տրանսպորտային կապի վերականգնմանը»։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման բան է ասել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր մեկնաբանել Բաքվի ՝ Լավրովին վերագրած խոսքերը՝ պատմելով բանակցության մասին:
ՀՀ ԱԳՆ-ն 24News-ին տրված մեկնաբանությունում ասել էր․ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»։
--00--ԱԹ