ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԵՄ գագաթնաժողովի ժամանակ եվրոպական երկրների առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
ԵՄ առաջնորդները կոչ են արել Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձննել իրավիճակի դեէսկալացման համար:
«Այո, ամեն մեկը պետք է կառուցողական դեր խաղա, որպիսի նպաստի դեէսկալացմանը: Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարեցվի, այն բարդացնում է իրավիճակը»,- հայտարարել է Միշելը:
«Մարդկային կորուստները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Չի կարող լինել ո՛չ հակամարտության ռազմական լուծում, ո՛չ էլ՝ ինչ-որ արտաքին միջամտություն: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների: Եվրախորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցչին պարզել ԵՄ հետագա աջակցության հեռանկարները կարգավորման գործընթացում»,- նշված է գագաթնաժողովի արդյունքներով տարածված հաղորդագրությունում:
--00--ԱՀ