ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ փոխըմբռնման բարձր աստիճան կա օրակարգային բոլոր հարցերի շուրջ:
Մնացականյանը նշեց՝ ներկայում իր ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա, որ դարձել է լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի նկատմամբ՝ ցույց տալով իր իրական նպատակները՝ խնդրի ուժային, ռազմական լուծում և Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում: Նախարարն ընդգծեց՝ Ադրբեջանում տարբերություն չեն դնում խաղաղ բնակիչների ու զինվորականների միջև, նրանց շատ հարվածներ ուղղված են քաղաքացիական բնակչության դեմ:
«Բաքուն ռազմական գործողություններ է վարում Թուրքական ավիացիայի օգնությամբ: Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխումը ևս լուրջ վտանգ է, և այդ երևույթն արդեն ոչ միայն ապացուցված է մեր աղբյուրներով, այլև ուսումնասիրվել ու արձանագրվել է միջազգային հանրության կողմից: Ադրբեջանը մեր տարածաշրջանում դարձել է հարթակ միջազգային ահաբեկչության համար»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը, նաև հայտնեց՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորն է:
«Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում ԼՂ-ում կրակի դադարեցման մեջ: Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Արդյունավետ բանակցություններ կարող են լինել միայն կրակի լիարժեք դադարեցման դեպքում»,- ասաց Մնացականյանը:
--00--ԱԹ