ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:
Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, և բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ