ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Այս մասին գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…
Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…
Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:
Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:
Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:
Հ.Գ.
Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,- գրել է նա:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ