ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում:
«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռք բերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա:
Ընդգծել եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։
Բարձր եմ գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև մեզ համար կարևոր այս ժամանակահատվածում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:
Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է նա:
--00--ԱԹ