ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:
ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:
Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ