ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ԱՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» տիպի հրտիռահրետանային կայանքից առաջին անգամ արկակոծվեց Ստեփանակերտը և այդուհետ, ոչ միայն բերդաքաղաքից, այլև ռազմահենակետերի վերածված ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար սկսեցին հրետակոծության տակ առնել մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը, սկզբնական շրջանում շատ քչերն էին հավատում, որ արցախահայությունը կդիմանա այդ մեծ արհավիրքին:
Բայց շնորհիվ մեր ժողովրդի դրսևորած ոգեղեն ու կամային բարձր որակների մենք ոչ միայն դիմացանք, այլև կարողացանք կերտել Քարին տակի հերոսամարտ, Շուշիի փառավոր հաղթանակ և, ճեղքելով շրջափակման օղակը՝ հասնել նշանակալի հաջողությունների: Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն:
Սակայն իրադարձությունների ընթացքը որքան էլ մեզ համար այս պահին անբարենպաստ, բայցևայնպես, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ: Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է»,-գրել է Սենոր Հասրաթյանը:
--00—ԼՄ