ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
2.5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակուղի մտցրեց բանակցությունները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նույն 2.5 տարվա ընթացքում Փաշինյանն ու իր շրջապատը միակողմանի խաղաղության, խաղաղասիրության քարոզ էին իրականացնում, երբ նույն ժամանակ էրդողանն ու Ալիևը համատեղ շքերթներ էին կազմակերպում և պատերազմի կոչեր անում»,- նշեց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ նույն այդ ժամանակ ՀՀ-ում տեղի էր ունենում հարձակում արժեքների՝ եկեղեցու վրա, ոտնձգություն հայոց պատմության ու լեզվի վրա, վարկաբեկվում էին արցախյան փառապանծ, հերոսական ճանապարհ անցած գեներալները, սպաները, ինչը մտահոգիչ էր։
«Որևէ քննարկվող փաստաթուղթ 90-ականներից մինչև այսօր նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում: Որևէ փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների՝ Հադրութի, Շուշիի վերադարձը Ադրբեջանին, նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ: Այս հանգրվանին ենք հասել այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»,- նշեց նա և հավելեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էլ ասել է, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն նա է:
--00--ԱՀ