ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ, չնայած ՀՀ-ում հետպատերազմյան դժվար իրավիճակին, նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների Կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ Կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
--00—ԼՄ