ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայփոստի կողմից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային:
240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին:
350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.): Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:
Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահագն Մկրտչյանը:
240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:
Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2020թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Լուսանկարները՝ Զավեն Սարգսյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 h. x 3
--00—ՄՀ