ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Եվրախորհրդարանի գերմանացի և հույն 53 պատգամավոր նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայի սպառնալիքների կապակցությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել գերմանական արտադրության սուզանավերի վաճառքն այդ երկրին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Պատգամավորների ստորագրությամբ Twitter-ում հրապարակված նամակում մասնավորապես նշվում է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի ինքնիշխան իրավունքները և այդ համատեքստում գործում է նաև միջազգային իրավունքի դեմ:
«Ծայրաստիճան մտահոգ ենք Արևելյան Միջերկրականում ԵՄ անդամ երկրներին ուղղված Թուրքիայի ռազմական սպառնալիքիներով և երկյուղում ենք, որ հնարավոր բախման ընթացքում Թուրքիան կարող են օգտագործել Գերմանիայում արտադրված սուզանավերը»,-ասվում է նամակում:
Պատգամավորները պահանջել են անհապաղ կասեցնել գերմանական խոշոր «Thyssen Krupp» ընկերության կողմից արտադրվող և Թուրքիայում մոնտաժվող սուզանավերի պահեստամասերի արտահանումը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
--00—ՄՀ