ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի»-ին, որի շրջանակում նշել է, որ պատերազմի ընթացքում Արցախի տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է ՀՆԱ-ի՝ մի քանի տարիների ծավալների հետ:
«Հակառակորդի հասցրած վնասը հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն գումարային առումով գնահատելու ուղղությամբ, բայց արդեն կարող ենք ասել, որ այն համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի՝ մի քանի տարիների ծավալների հետ»- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ սա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան:
Պետնախարարը նաև տեղեկացրել է, որ պատերազմից հետո չճանաչված հանրապետության բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին:
«Հաշվի առնելով այն փաստը, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասն անցել է թշնամուն կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասից: Էլ չենք ասում այն, որ քաղաքացիների գույքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումները, նույնպես ոչնչացվել կամ մնացել են մեր վերահսկողությունից դուրս», - ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:
--00—ԼՄ