ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
«Արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում օրենքի նախագիծ ներկայացնել, որով կարգելեն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` իշխանություններին անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին այն ԱԱԾ տնօրենները, որոնք ազատվել են աշխատանքից, սկսել են ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:
ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին: «Ես կարծում եմ, որ դա նպատակային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որն օգտվում է մարդու բոլոր իրավունքներից, իսկ մարդուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը անթույլատրելի եմ համարում»:
Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի և Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
--00—ՄՀ